Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2010


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Իմունային համակարգ

Իմունային  համակարգ

Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով:

 

Իմունիտետը վարակվածի օրգանիզմ օտար սպիտակուցների, հիվանդածին մանրէների դեմ պաշտպանական հատուկ հակամարմինների, հակաթույների առաջացումն ու առկայությունն է: Վերջիններս չեզոքացնում, քայքայում, վնասազերծում են հիվանդածին գործոններին: Զարմանալի է, բայց փաստ, որ մարդու և կենդանու օրգանիզմներն օժտված են իրենց հետևյալ բացառիկ հատկություններով: Առաջինն այն է, որնրանք ճշտությամբ կարողանում են տարբերել իրենցը, սեփականը` օտարից: Ընդ որում, իրեն հարազատ սպիտակուցի, մանրէի նկատմամբ (մեր օրգանիզմում բնակվում են նաև մեզ համար հարազատ, օգտակար մանրէներ) օրգանիզմը հակամարմիններ չի արտադրում, իսկ օտար սպիտակուցի, հիվանդածին մանրէի նկատմամբ չափազանց զգայուն է: Տարբերելով օտար սպիտակուցի, ախտածին մանրէի հատկությունները, օրգանիզմը դրան անսխալորեն հակազդող պատասխան սպիտակուցներ, հակամարմիններ, հակաթույներ է արտադրում, որոնցով և ապահովվում է վարակվածի հիվանդության ընթացքի ելքը: Այն է` առողջացումը: Ուրեմն, ինչպես տեսնում ենք, օրգանիզմի ճանաչողականության շնորհիվ որևէ ախտածին մանրէով վարակվածի մարմնում միաժամանակ տեղի են ունենում երկու իրարամերժ գործընթացներ: Մի կողմից ախտածին մանրէի բազմացումն ու տարածումն է, որը որոշակի գաղտնի շրջանից հետո բերում է հիվանդության զարգացմանը, իսկ մյուս կողմից` օտարի հետ հանդիպման առաջին իսկ պահից օրգանիզմը սկսում է պաշտպանական հակամարմիններ, հակաթույներ արտադրել մինչև վերջիններիս մակարդակը գերազանցում է բազմացող, տարածվող մանրէների քանակին: Մանրէների ազդեցությունը ճնշվում է, և հիվանդը սկսում է առողջանալ:

 

Նկար 2. Ավշային հանգույցների տեսակները

Նկար 3. Փոքր լիմֆոցիտի կորիզում պահպանված է իմունաբանական հիշողությունը

Նկար 4. Ֆագոցիտը կլանում է  
օտար մանրէին

Նկար 5. Ավշային անոթների կառուցվածքը
Նկար 1. Ավշային անոթների ցանց

 

Օրգանիզմի երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ սեփականը օտարից տարբերելուց բացի նա հատուկ բջիջների ժառանգական նյութում պահպանում է օտարի հետ երբեմնի հանդիպումների և նրանց ոչնչացնող, հակազդող հակամարմիններ, հակաթույներ արտադրելու իր ունակության մասին տեղեկությունը: Այսինքն, օրգանիզմն ունի իմունաբանական հիշողություն: Կյանքի ընթացքում յուրաքանչյուր անգամ այդ նույն օտար սպիտակուցի, մանրէի հետ հանդիպելիս իմունային համակարգի այդ հատուկ բջիջներում արթնանում է հին հիշողությունը պահպանող, արդեն փորձառու գենը ու ավելի արագ, ավելի բուռն և արտահայտված պատասխան է տալիս օտար գործոնին: Ահա թե ինչու շատ հիվանդությունների դեպքում մեկ անգամ հիվանդացած մարդն այդ նույն հիվանդությամբ երկրորդ անգամ չի հիվանդանում, քանզի նա պաշտպանված է և առաջին հանդիպումից մնացած, և նորից արտադրվող հատուկ իմունային հակամարմիններով, հակաթույներով: Այսինքն, նա իմունիտետ ունի:

 

Կա մի այսպիսի երևույթ ևս, երբ արգանդում զարգացող պտուղն առնչվում է մոր օրգանիզմում գտնվող, օտար սպիտակուցի հետ, ապա ծնվելուց հետո նորածինը մոր համար օտար այդ սպիտակուցը օտար չի համարում և դրան վերաբերվում է ինչպես սեփականին: Հետագայում նրա օրգանիզմում այս սպիտակուցի հետ կրկին հանդիպելիս դրան ոչնչացնող հակամարմիններ, հակաթույներ չեն մշակվում: Այդ սպիտակուցը, հարուցիչը նրա համար դառնում է իներտ, «անվնաս»: Այս երևույթն անվանում են իմունաբանական տոլերանտություն: Նույնիսկ ի ծնե, դեռ մոր արգանդում, վարակված երեխան նորից վարակվելիս, նրա օրգանիզմում այդ հիվանդությունը չի արտահայտվում: Ահա թե ինչու կյանքում ոչ բոլոր վարակվածներն են հիվանդանում: Դրանց մի մասը մնում է պաշտպանված վերը նշված իմունիտետի կամ տոլերանտության շնորհիվ: Հայտնի է, որ, օրինակ դիֆթերիայով վարակվածներից 5-20% են հիվանդանում, պոլիոմիելիտի դեպքում այդ թիվը կազմում է 0,5-1%, կարմրուկինը` 95-98% (գրեթե բոլորը), որովայնային տիֆով, պարատիֆերով վարակվածներից հիվանդանում են 30-40% և այլն*: Չի բացառվում, որ դրանց մի մասը կարող է դառնալ այսպես կոչված առողջ վարակակիր և իրենց համար անվտանգ վարակը կարող է փոխանցվել առողջներին, որոնք կարող են հիվանդանալ:

 

Այս հատկանիշները կապված են մեր օրգանիզմի ինքնակառավարվող ամբողջ իմունային համակարգը ներկայացնող օրգանների, որոշակի իմունաբանական ակտիվություն ունեցող, զարմանալիորեն անսխալ գործող բջիջների ներդաշնակ գործունեության հետ: Դրանք են` նախ և առաջ ավշային համակարգն իր անոթային ցանցով (նկար 1), ավշային հանգույցներով (նկար 2) և դրանցում գտնվող ավշային բջիջներով` փոքր լիմֆոցիտներով (նկար 3), որոնք ապահովում են պաշտպանական հակամարմինների, հակաթույների արտադրությունը և իմունաբանական հիշողության պահպանումը: Իսկ դրանց մի տարատեսակը` մեծ լիմֆոցիտները (ֆագոցիտներ), որոնցով հարուստ է ավշային համակարգը, օժտված են օտար սպիտակուցներին, մանրէներին կլաներու, խժռելու հատկությամբ (նկար 4): Սրանք պարզապես հետապնդում, որսում են օտար սպիտակուցներին և իրենցից խուսափող մանրէներին: Ավշային անոթներն օրգանիզմում գտնվում են արյունատար անոթների հետ կողք-կողքի (նկար 5):

 

Ավիշը հյուսվածքներում առկա թափանցիկ բաց-դեղնավուն հեղուկ է, որով լցված են բոլոր հյուսվածքների միջբջջային տարածությունները: Ավիշն այստեղից իր սեփական անոթային համակարգով դեպի սիրտն է տանում հյուսվածքներից արտազատվող նյութափոխանակության արգասիքները և արտաքին աշխարհից ներթափանցած օտար սպիտակուցները, ախտածին մանրէներն ու թույները: Եթե արյունատար անոթներն ունեն սրտից բերող (զարկերակ) և հյուսվածքներից դեպի սիրտը տանող երակներ, ապա ավիշը հետադարձ հոսք չունի: Հյուսվածքներից սկիզբ առնող անոթներով մինչև սիրտը հասնելը այն անցնում է իր ճանապարհին ընկած բազմաթիվ ավշային հանգույցներով, հանգուցախմբերով: Սրանք գեղձային օրգաններ են, որոնց խոշոր կուտակումները ցույց են տրված նկար 1-ում:

 

Արտաքին աշխարհից ներթափանցած օտար սպիտակուցները, մանրէները մինչև օրգանիզմում տարածվելն արգելափակվում են նշված մոտակա ավշային հանգույցներում, որտեղ դրանց մի զգալի մասը կլանվում, ոչնչացվում են վերը նշված մեծ լիմֆոցիտների կողմից: Դրանով ապահովվում է տեղային, հյուսվածքային պաշտպանական գործընթացը` տեղային իմունիտետը: 

 

Ավշային հանգույցներում են գտնվում նաև կարևոր` պլազմատիկ բջիջները (պլազմոցիտներ), որոնցում բնության մեջ հայտնի շուրջ 2,5 տանյակ ամինաթթուներից ստեղծվում, սինթեզվում են օտար սպիտակուցներ չեզոքացնող, գործնականորեն անսահմանափակ տարատեսակների հակաթույներ ու հակամարմիններ:

 

Իմունային համակարգի մեջ են մտնում նաև արյունաստեղծ օրգանները` փայծաղը, ոսկրածուծը, ինչպես նաև կարևոր ներզատական գեղձ` ուրցագեղձը: 

 

Իմունիտետի մշակման գործում դրանց դերի մասին կկարդաք հանդեսի հաջորդ համարում:

Հեղինակ. պրոֆ. Մարտունի Մուրադյան համաճարակաբան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ